Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Սնունդ
© WWF Armenia

​Մենք աշխատում ենք պահպանվող տարածքներին մոտ գտնվող համայնքների հետ՝ աջակցելով նրանց դարձնել սննդի արտադրությունն ավելի կայուն:

Այսօր ամբողջ աշխարհում սնունդ ստեղծելու համար օգտագործվում է մեր մոլորակի բնական պաշարների զգալի մասը, մասնավորապես՝  69%  ջուր և 34% հող:

Սննդի արտադրության ոլորտն ու դրա անկայուն սպառումը  բնության համար դարձել են իսկական սպառնալիք։ Բնական պաշարների գերսպառման հետևանքով առաջանում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ հողերի էրոզիան, անտառների դեգրադացումը և այլն: Մյուս կողմից էլ սննդի ստեղծումը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումներին՝ ավելացնելով դրանք առնվազն 24%-ով:

Այս ամենի հետ մեկտեղ, երկիր մոլորակում միլիոնավոր մարդիկ սոված են (ավելի քան 820 միլիոն մարդ): Պարենային ճգնաժամերի վերաբերյալ համաշխարհային զեկույցում  նշված է, որ 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության խնդիր ունի, 75 միլիոն երեխա թերսնուցված են, իսկ 17 միլիոնը՝ տառապում են թերաճից։ Այս թվերը տարեց տարի աճում են:  

Իսկ դուք գիտե՞ք

Հայաստանում աճում է խաղողի ավելի քան 400 տեղական տեսակ, որից 31-ն օգտագործվում է արևի բույրով գինիների և կոնյակի արտադրության մեջ:

© WWF Armenia

Ըստ վիճակագրության, ընդհանուր սննդի մեկ երրորդը դեն է նետվում: Սա նշանակում է, որ եթե սնունդը համաչափ բաշխվի, կամ մարդիկ սկսեն օգտագործել այնքան սնունդ, որքան հարկավոր է, ապա գուցե մոլորակում շատ բան փոխվի:

Այս ուղղությամբ տարբեր երկրներ իրականացնում են ծրագրեր՝ ապահովելով սեփական կարիքները, հնարավորության դեպքում՝ սնունդը հասցնելով նաև այլ երկրներ:

Բացի այդ, սննդի կազմակերպման կայուն համակարգն անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի բնակչությանը կերակրելու, այլ նաև բնությունը պահպանելու համար: Առկա սննդային ռեսուրսները շուտով կարող են չբավարարել արագ տեմպերով աճող մարդկության պահանջները: Այդ իսկ պատճառով, առավել քան կարևոր է հիմա բարելավել սննդի արտադրության, բաշխման, սպառման և մնացորդների կառավարման համակարգը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ աղքատության թիվը մեծ է մարզերում, սակայն հենց այստեղ էլ մեծ պոտենցիալ կա խթանելու գյուղատնտեսության զարգացումն ու այլ բարենպաստ ծրագրերի իրականացումը, ռեսուրսների առավել կայուն օգտագործումը: